The Holy See
back up
Search
riga

ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ
ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ
ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՔԱՐՈԶԸ
ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՄԱՅՆՔԻՆ
ԳԻՒՄՐԻ

 

Գերապայծառ Տեարք, սիրելի քահանաներ եւ կրօնաւորներ,
սիրելի եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

Այստեղ հաւաքուել ենք միասին Աստծոյ շնորհքով, մեր Տէր Յիսուսի փառքը երգելու: Սա է մարդու ամենաբարձր կոչումը. Աստծոյ փառքը երգել եւ շնորհակալութեան համար միանալ ամբողջ ստեղծագործութեան, նրա քահանան լինել, խօսնակը, փառաբանել Աստծուն ամբողջ մարդկութեան անունով:

Սիրելի եղբայրներ եւ քոյրեր, այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեզ փոխանցելու Սրբազան Քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ.ի ողջոյնը եւ իր անունից ձեզ հաւաստիացնելու որ Սուրբ Աթոռը մտածում է ձեր մասին եւ ձեր կարիքները ի հաշուի է առնում: Սրբազան Հայրը կամենում է իմ միջոցով իր եղբայրական ողջոյնը յղել նախ Հայ Կաթողիկէ Պատրիարքին, Գերերջանիկ Ներսէս Պետրոս ԺԹ.ին, Եպիսկոպոսներին, քահանաներին, կրօնաւորներին, կրօնաւորուհիներին եւ ապա աշխարհում սփռուած հայ կաթողիկէ Եկեղեցու բոլոր հաւատացեալներին:

Պապը իւրայատուկ պարտաւորուածութեամբ է զգում ուղղակի իրենից կախուած այս Թեմի Հայ Կաթողիկէներին խնամելու պարտականութիւնը: Նա գոհութիւն է մատուցում Աստծուն այն ամէնի համար ինչ Սուրբ Աթոռին յաջողուեց իրականացնել, շատ դժուարին ժամանակներում անգամ, կարողանալու համար ձեր հասարակութեանը, որ պահպանել է իր կապը Պետրոսի յաջորդի հետ անգամ մեծ տառապանքների գնով, նորից տալ նուիրապետական կառոյցը, եպիսկոպոս, քահանաներ, սարկաւագներ, եւ վերակենդանացնել կրօնաւորական կեանքը եւ նրա պարգեւաշնորհները, յատկապէս Հայ Կաթողիկէ Եկեղեցու միակ եւ բազմերախտ իգական Կրօնաւորական Միաբանութեան, որ ջանք չի խնայել օժանդակելու հայ երիտասարդներին սփիւռքում, եւ հիմա հայրենիքում, Անարատ Յղութեան Հայ Քոյրերի արժէքաւոր աշխատանքի շնորհիւ: Նրանց հետ միասին հայ ազգին ծառայութեան համար գործում են նաեւ լատինածէս Հաստատութիւններ. Քամիլլիաններ, Յիսուսեաններ, Յիսուսի Փոքրիկ Քոյրեր, Մայր Թերեզայի Քոյրեր:

Պապը յուզումով է յիշում այս երկրներում հայ կաթողիկէ եկեղեցականների գաղտուկ հազուադէպ այցելութիւնները համայնավարութեան ժամանակ, ձեր բոլոր քահանաների վերացումից յետոյ: Յիշում է թէ ինչպէս, 1988ի եղերական երկրաշարժից յետոյ, որ հենց այս տարածքում իր մակակենտրոնն ունէր, հնարաւոր դարձաւ վերսկսել նաեւ Սուրբ Աթոռի հետ անմիջական յարաբերութիւնը, որ, համայնավարական վարչակարգի անկումից յետոյ, ծնեց ձեր համայնքները վերամիաւորելու, քարոզութեամբ եւ խորհուրդներով սնուցելու եւ օժանդակելու հրահանգները: Յովհաննէս Պօղոս Բ. Պապը, հենց այդ տարուանից, կամեցաւ կանոնաւոր կերպով տեղեկանալ ձեր կեանքի պայմաններին եւ յուզւում էր տեսնելով պատկերները այն եկեղեցիների, որ թէ՛ այստեղ եւ թէ՛ Ջաւախքի շրջանում, պահպանել էիք եւ զարդարել մեծ ջանքերով եւ ոչ սակաւ վտանգներով: Նոյն Քահանայապետը ուզեց յիշել երկրաշարժի զոհերը եւ վերապրածների ցաւը 1988ի ծննդեան պատգամում, աղէտից քիչ օրեր անց: Նա միշտ ուրախութեամբ էր յիշում ձեր հետ ունեցած հանդիպումը՝ 2001 թուին Հայաստան կատարած այցելութեան ընթացքում, երբ Ս. Պատարագ մատուցեց հենց Սուրբ Էջմիածնում, սիրելի բոլոր հայերի սրտին, եւ դուք յոծ բազմութեամբ մասնակցեցիք: Այն փաստը որ այդ այցելութեան ժամանակ Նա հիւրընկալուեց Գարեգին Կաթողիկոսից, ցոյց է տալիս յատուկ սիրոյ կապերը որ միացնում են մեր երկու Եկեղեցիները: Այս կապերի մասին վկայում են անդորր մթնոլորտը՝ որի մէջ էք ձեր այս Հայրենիքում, փոխադարձ յարգանքը, որ բնորոշում է փոխյարաբերութիւնները, ինչպէս նաեւ միշտ կառուցողական կապերը քաղաքական Իշխանութիւնների հետ: Այս կապերը մեծապէս ամրապնդուեցին առաջին Առաջնորդ, երջանկայիշատակ Ներսէս Տէր-Ներսէսեանի կողմից, որ իր Փոխանորդի, Գերապայծառ Վարդան Քէշիշեանի օժանդակութեամբ, իր Միաբանութեան Հիմնադրի, Մխիթար Աբբահօր հոգով ոգեշնչուած, նուիրուեց այս եղբայրական կամուրջները հզօրացնելուն, յանուն Աւետարանի եւ հայ ժողովրդի ծառայութեան:

Առաջնային կարեւորութիւն ունի, ոչ միայն այս Երկրի համար, այլ որպէս օրինակ աշխարհասփիւռ բոլոր քրիստոնեայ հասարակութիւններին, որ այս համերաշխութիւնը պահպանուի եւ աճի:

Այսպիսի տարածքային ընդարձակութեան պայմաններում, ինչպիսին է Արեւելեան Եւրոպայի Առաջնորդութիւնը, եւ հոգեւորականների այժմեան սակաւութեան ժամանակ, որ յուսով ենք Տիրոջ օգնութեամբ շուտով գերազանցուի, անհրաժեշտ է աշխարհականների խորացուած եւ գիտակից կազմաւորում, յատկապէս նրանց ովքեր մտադիր են անմնացորդ նուիրուել հասարակութեան ծառայութեան: Այնտեղ ուր քահանաները եւ կրօնաւորուհիները չեն կարող հասնել, պէտք է լինեն լաւագոյնս պատրաստուած հասուն հաւատացեալներ, որ կարողանան ապահովել լայնածաւալ ոգեւորութիւն: Համայնավարութեան տարիների փորձառութիւնը մեզ սովորեցրեց, որ առանց ընտանիքի հայրերի, տատիկների եւ մայրերի եւ երիտասարդների այս փութաջանութեան, կրօնը գիւղում է սահմանափակւում, եւ գիւղում էլ սպառւում է, շատ անգամ փոքր բայց վնասակար հակադրութիւններով, որ կարող են քանդել անդորրը եւ հենց քրիստոնէական կեանքը: Վտանգ կայ որ քահանաները եւս իրենք իրենց թոյլ տան պարուրուել այս բաժանարար ոգուց:

Ահա այն ինչ կ’ուզենայի առաջարկել, սիրելի եղբայրներ եւ քոյրեր, որպէս բանբեր Սրբազան Քահանայապետի, որ հետեւում է ձեր քայլերին, վստահեցնում է իր աղօթքների մասին եւ օրհնում է բոլորիդ: Յատկապէս հրաւիրում է Աստծոյ օրհնութիւնը Եպիսկոպոսների, քահանաների, կրօնաւորուհիների եւ ժառանգաւորների վրայ, մինչդեռ մեծահասակներին, հիւանդներին, աղքատներին, գործազուրկներին, ապագայ որոնող երիտասարդներին յանձնում է ամենասուրբ Աստուածածնին, Աստծոյ Մօրը, որ Հօր կամքին իր անվերապահ այոի միջոցով մեզ մասնակից դարձրեց փրկութեան, մարդկային մարմին տալով Բանին:

Սիրելի եղբայրներ եւ քոյրեր: Միշտ հպարտ եղէք նրանով ինչ որ էք, եւ հաւատարիմ եղէք Քրիստոսին եւ նրա Եկեղեցուն. ուրախ եղէք Քրիստոսին պատկանելով, որպէսզի տեսնելով ձեր վկայութիւնը՝ ամէնքը փառք տան Աստծոյ:

 

top