The Holy See
back up
Search
riga

ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ
ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ
ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐԲԱՆՈՑԻՆ
ԳԻՒՄՐԻ

 

Շատ սիրելի Սրբազան Հայր,
յարգարժան Հայրեր,                             
սիրելի Անարատ Յղութեան Հայ Քոյրեր,

Եղբայրական ողջոյն եմ ուղղում Գերաշնորհ Միքայէլ եպիսկոպոսին, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի այս թեմի Առաջնորդին: Յատկապէս ուրախ եմ, որ Հռոմում՝ Քահանայապետական Արեւելեան Հաստատութիւնում ստացած Ձեր ուսումը, Ձեզ առիթ է ընձեռել ճանաչելու Կաթողիկէ Եկեղեցին, որ փորձել է ընծայել Ձեզ որոշ օգտակար միջոցներ՝ Ձեր քրիստոնեայի եւ հովիւի կեանքի համար: Յաջողութիւն Ձեր համայնքին, Սրբազան Հայր: Փորձենք միշտ ցոյց տալ մեր գնահատանքը եւ փոխադարձ սէրը:

Սիրելի տղաներ եւ աղջիկներ, Ձեր մասին շատ եմ լսել, ինչպէս նաեւ այստեղ Ձեր կատարած սքանչելի գործերի մասին, եւ որոշեցի այցելել Ձեզ: Այս ամէնը տեսնելուց յետոյ հասկանում եմ թէ ինչու ամէնքը այսքան բարձր են գնահատում ձեր հաստատութիւնը: Վստահ եմ, սիրելի բարեկամներ, որ կեանքում տխուր վայրկեաններ ունեցել էք: Սակայն Տէրը, որ միշտ բարի հայրիկ է, տալիս է իր զաւակներին աւելի քան ինչ որ նրանցից վերցուել է: Դուք հանդիպեցիք Հայ Քոյրերին, որ ձեզ օգնեցին վերագտնելու ժպիտը, զգալու՝ ապրելու երջանկութիւնը: Այստեղ պատրաստւում էք նայելու ձեր ապագային, յոյսով առլցուն: Ստացաք այնպիսի կազմաւորում, որ շատ անգամ նոյնիսկ հարուստները եւ բախտաւորները չեն կարող ունենալ: Շնորհակալ եղէք Տիրոջից այն նուէրների համար որ իւրաքանչիւրդ ստացել է: Ես էլ շատ եմ աշխատել երիտասարդների հետ, որ դժուար պարագաների մէջ էին եղել: Իմ կեանքը նուիրեցի օգնելու նրանց մեծանալու՝ հետեւելով իտալացի մի սուրբ քահանայի, որ իրենց համար արտակարգ բաներ է առել. նրա անունն է Հայր Յովհաննէս Բոսքոյ: Ձեր հայ սրբերից բացի, նրան էլ եմ յանձնում ձեզ, որպէսզի միշտ քաջ եւ ուժեղ լինէք:

Սիրելի Քոյրեր, խօսքերը բաւարար չեն արտայայտելու Եկեղեցու երախտագիտութիւնը ձեր առածների համար: Հաւատացած եմ, որ երեխայի արժանապատուութիւնը վերադարձնելը՝ Աստծու յատուկ օրհնութեանն է արժանացնում: Աստուած լիուլի վարձատրի ձեզանից իւրաքանչիւրին եւ ձեր Միաբանութեանը: Ողջոյն սիրելի Ընդհանուր Մեծաւորուհուն, որ ներկայ պաշտօնով Հռոմ գնալուց առաջ, տարիներ անց է կացրել այս երկրում, ներկայից աւելի դժուար ժամանակներում: Գիտեմ որ չի մոռանայ իւրայատուկ կերպով ձեզ նեցուկ կանգնել, շնորհիւ Քոյր Արուսեակին, որ գիտեմ անխոնջ է Հայաստանում ձեր ներկայութեան առաջին իսկ օրերից: Նա չի խնայել իր ուժերը եւ սուրբ երեւակայութեամբ չի դադարել ձեզ համար բարիքի ծրագրեր մշակելուց: Աստուած օրհնի Ձեզ, սիրելի քոյր:

Կրկին շնորհակալ եմ ձեզ այս միասնական գեղեցիկ պահի համար, եւ այժմ ձեր բոլորի համար աղերսում եմ այն Օրհնութիւնը, որ Սրբազան Քահանայապետը, Բենեդիկտոս ԺԶ. Պապը, խնդրեց որ սիրով ձեզ բաշխեմ:

 

top