 |
ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ
ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ
ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
«ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿԻ» ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԿԱԶՄԻՆ
ԱՇՈՑՔ
Գերապայծառ Տեարք,
սիրելի կրօնաւորներ եւ կրօնաւորուհիներ,
Պարոն Տնօրէն, թանկագին բժիշկներ եւ բուժաշխատողներ,
սիրելի հիւանդներ:
Ուրախ եմ այցելելու այս Հիւանդանոցը, որ Ծառայ Աստծոյ Յովհաննէս Պօղոս Բ. Պապի
աջակցութեան փափաքի արդիւնքն է, իրականացուած յատկապէս Իտալական Կարիտասի
առատաձեռնութեամբ: Այն կառուցուեց սարսափելի երկրաշարժից անմիջապէս յետոյ, որ գրեթէ
քսան տարի առաջ, աւերեց այս երկիրը, մեծ թուով զոհերի պատճառ դառնալով: Խորհրդային
Հայաստանում, որտեղ բացակայում էր Կաթողիկէ Եկեղեցու որեւէ կառոյց, սա առաջին նշանն
էր սիրոյ եւ մօտիկութեան, որ Պապը կարողացաւ ցոյց տալ հայ ժողովրդին: Այստեղ ուզեց
որ լինի, Երկրի այս ծայրամասային եւ շատ մը պատճառներով առաւել տառապեալ շրջանում:
Կամիլեանների եւ Յիսուսի Փոքր Քոյրերի վեհանձն ու արագ պատրաստակամութիւնը հնարաւոր
դարձրեց որ այս կառոյցը ամբողջ այս տարիների ընթացքում ամբողջապէս ձրիաբար ծառայի
աղքատներին, որ Քրիստոսի Մարմնի տառապող անդամներն են: Հայաստանից եւ հարեւան
Վրաստանից ժամանաց քանի՜ քանի հիւանդներ են անցել այս ժամանակահատուածում: Եւ
ինչքան սէր է ճառագայթել այստեղից, սահմանամերձ գիւղերում տեղակայուած բազմաթիւ
բուժկետերի եւ ընտանիքներին օգնելու ծրագրերի միջոցով: Այս գործունէութիւնները
Կրօնաւորների անխոնջ եւ գնահատելի ջանասիրութեան արդիւնք են: Յովհաննէս Պօղոս Բ.
Պապը սաստիկ փափաքում էր այցելել այստեղ, սակայն իր առողջական վիճակը եւ ճանապարհի
դժուարութիւնը թոյլ չտուեցին:
Այժմ ես եկել եմ, իր յաջորդից ուղարկուած, Նորին Սրբութիւն Բենեդիկտոս ԺԶ.ից, գրեթէ
այս փափաքը իրականացնելու համար:
Լաւ գիտեմ թէ Նախախնամութեան քանի նշաններ, քանի իսկական հրաշքներ ընկերացան այս
տեղանքը ընտրելու գործընթացին, շինարարական եւ ղեկաւարման աշխատանքներին: Գիտեմ թէ
ինչպէս սա պատճառ դարձաւ պատահմամբ հանդիպելու շատ կաթողիկէների որ մօտակայ
գիւղերում պահպանել էին իրենց հաւատը: Երբ անաստուած իշխանութիւնները ոչ իսկ մի
քահանայ էին թողել իրենց խնամելու համար, գիտեմ թէ ինչպէս պահպանեցին փոքր
եկեղեցիները՝ իրենց իսկ ձեռքերով, այդտեղ զետեղելով իրենց ամենագեղեցիկ իրերը: Այս
է Եկեղեցու փառքը: Եւ Սրբազան Քահանայապետը օրը օրին հետեւեցաւ այս Հիւանդանոցի
կառուցման. Վատիկանում նրա մանրակերտը օրհնեց առաջին գործակիցների ներկայութեան:
Առանց հոգնելու տեղեկութիւններ խնդրեց նրա մասին: Նրան ուղղակի տրամադրեց ոչ քիչ
անգամ, այնքան ինչքան օգտակար էր: Նա սկիզբից եւեթ ուզեց ցոյց տալ թէ Աւետարանի
վկայութիւնը միշտ պէտք է յայտնուի միջքրիստոնէական միութեամբ: Այս պատճառով նեցուկ
կանգնեց այն գաղափարին, որ Հիւանդանոցի Ղեկավար Խորհրդում, որ այն ժամանակ չէր
կարող սեփական լինել, պետական իշխանութեան ներկայացուցիչներից եւ կաթողիկէ
մասնակիցներից բացի, Վեհափառ Հայրապետի պաշտօնական ներկայացուցիչը լինէր: Այժմ, որ
սեփականութիւնը Քամիլեան վարդապետներինն է, այս միասնական պարտաւորուածութիւնը չի
կարող եւ պէտք չէ որ նուազի:
Այստեղ, այս կղզիացման, այս բարձրութեան եւ կլիմայական պայմաններում աշխատած
Կրօնաւորներին եւ Կրօնաւորուհիներին ուզում եմ յայտնել Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ
երախտագիտութիւնը: Պապը յատուկ կերպով նրանց յիշում է: Բժիշկներին, որ իրենց
կարողութիւնը դրել են ի սպաս կեանքի եւ մարդու արժանապատուութեան, ուզում եմ
յիշեցնել, որ հիւանդը՝ նոյն Քրիստոսն է: Ձեզանից խնդրում ենք այստեղ, որ պաշտպանէք
կեանքը՝ ամէն միջոցով եւ նրա զարգացման իւրաքանչիւր փուլում: Խնդրում ենք որ ցոյց
տաք թէ բուժելը աշխատանք չէ, այլ կոչում, որին երբեմն ոչ բոլորը հաւատարիմ են
մնում: Մենք ուզում ենք աշխատել նրանց հետ, որ ի վիճակի են ընդունելու այս
պատասխանատուութիւնը, որ միաժամանակ մեծ ուրախութեան պատճառ է: Բոլոր
աշխատակիցներին ուզում եմ յայտնել իմ շնորհաւորանքներս՝ այս Հիւանդանոցում տիրող
վայելուչ, մաքուր եւ կոկիկ վիճակին: Շնորհակալութիւն այստեղ մատուցուող
ծառայութիւնների համար, որ երբեմն իւրօրինակ են, ինչպէս հիւանդների սեղանատունը:
Հենց ձեզ, սիրելի հիւանդ եղբայրներ, ուզում եմ յայտնել Պապի եւ ամբողջ Եկեղեցւոյ
մօտիկութիւնը: Ով տառապում է մարմնով եւ հոգով, ստէպ չի հասկանում Աստծոյ
ծրագիրները: Սակայն Նրա հայրական սէրը, նոյնիսկ խորհրդաւոր ճանապարհներով, չի
դադարում յայտնուելուց, եւ հաւատարիմ է: Քրիստոսի Եկեղեցին՝ Կաթողիկէ Եկեղեցու այս
կառոյցով, ինչպէս Առաքելական Եկեղեցու Հայաստանում նախաձեռնած այլ միջոցներով,
ուզում է այս հաւատարիմ սիրոյ նշանը լինել: Եկեղեցին ուզում է թեթեւացնել հիւանդի
տառապանքները, փոխ տալով Աստծոյ միտքը, սիրտը եւ ձեռները: Սրա խօսուն փաստն է
այսպիսի կառոյցը, որ աշխատում է առանց որեւէ շահի հեռանկարի: Նոյնչափ երախտապարտ
ենք Անարատ Յղութեան Հայ Քոյրերի եւ Սիրոյ Առաքեալների՝ Մայր Թերեզայի Քոյրերի
գործունէութիւններին: Բոլորն էլ աշխատում են վաղաժամ ողբերգական կեանքի
դառնութիւնների դատապարտուած երեխաների եւ երիտասարդների համար: Շատ անգամ հենց սրա
համար, մերժումի արժանանալու վտանգուած, սակայն առաւել եւս թանկագին Աստծոյ
աչքերին:
Շուտով յիշատակուելու է սարսափելի երկրաշարժի քսանամեակը, որի եղեռական
հետեւանքներին մասնակի պատասխան լինել է ուզում այս կառոյցը: Ուզում եմ հիմիկուանից
ապահովել, որ աւելի հզօր եւ յարատեւ է լինելու այդ առիթով Կաթողիկէ Եկեղեցու
աղօթքը՝ վախճանած հաւատացեալների հոգիների համար, եւ վերապրածների մխիթարութեան
համար: Իմ կողմից, ձեզնից աղօթք եմ խնդրում Պապի համար, Կաթողիկոսի համար, ինչպէս
նաեւ Եկեղեցում իմ ծառայութեան համար: Աստուած իւրայատուկ կերպով լսում է տառապողի
աղօթքին: Բոլորիդ փոխանցում եմ սէրն ու օրհնութիւնը Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան
Քահանայապետին եւ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու սրտակցութիւնը:
|