|
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՂՂՈՒԱԾ ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾԻՆ Վեհափառ Տէր, Բարձրաշնորհ և Գերաշնորհ Տեարք, Հոգեշնորհ Հայրեր, սիրելի եղբայրներ եւ քոյրեր, բոլորիդ էլ ողջունում եմ խաղաղութեան սուրբ համբոյրով: Հայոց երկիրը նոր ժամանած, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Կաթողիկոսը անզուգական բարեհաճութեամբ ինձ հիւրընկալեց այս Տաճարում, ծիսական երգեցողութեամբ եւ Հայ Եկեղեցու աղօթքով: Ուխտի եմ եկել այստեղ, որովհետեւ տեղիս սուրբ է: Հայոց եկեղեցական եւ հոգեւորական կեանքի կենտրոն լինելուց բացի, նախ այն վայրն է, որտեղ, ինչպէս անունն իսկ յուշում է, «էջ Միածինն», իջեալ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչին երեւալու համար: Այսպէս, ոչ միայն հռչակաւոր տաճարի հիմքերը դրեց, այլ հին ու հաւատարիմ քրիստոնէութեան, ինչպիսին է Հայ Եկեղեցին: Խոնարհւում եմ, ինչպէս նախապէս արել էր երջանկայիշատակ Յովհաննէս Պօղոս Բ. Պապը, այս Եկեղեցու սրբութեան պատմութեան առաջ, որ արմատացած է Թադէոս եւ Բարթուղիմէոս Սուրբ Առաքեալների քարոզութեան մէջ: Ուրախ եմ յատկապէս, որ հենց ինքը՝ Յովհաննէս Պօղոս Բ. Պապը կամեցաւ Վազգէն Ա. Կաթողիկոսին ուղարկել այս Սուրբ Առաքեալների մասունքներից: Նոյն Քահանայապետը Ձերդ Սրբութեան յանձնեց Սուրբ Գրիգոր Լուսաւորչի մասունքները՝ Սուրբ Պետրոս եւ Պօղոս Առաքեալների դամբանները Ձեր կատարած անմոռանալի այցի ընթացքում: Մինչ այդ նրանք պահւում էին Նափոլիում՝ Սուրբ Գրիգոր Հայկազնի Վանքում, եւ սահմանուեցին Երեւանի նոր տաճարի համար, որի գեղեցկութիւնը բազմիցս գովերգել են ինձ: Այո՛, Առաքեալների հիման վրայ է կառուցուած Եկեղեցին: Ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Հայ Եկեղեցին վկայեց Քրիստոսին ոչ միայն իր ժողովրդի դարձով, այլեւ այնպիսի հաւատարմութեամբ, որ ժամանակի ընթացքում արեան բարձր գնով վճառեց: Ոչ ոք չի կարող հայերից կորզել իրենց հաւատը, ինչպէս հնարաւոր չէ մաշկը բաժանել նրա գոյնից, ասել է ձեր մեծ եւ վաղեմի մի գրողը: Բենեդիկտոս ԺԶ. Պապը, ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու անունից, շնորհակալ է ձեր այս հաւատարմութեան պատմութեան համար, որ զարդարուեց նաեւ սուրբ Կուսանների մարտիրոսութեամբ, որոնցից աչքի են ընկնում Հռիփսիմէն ու Գայիանէն, եւ իրենց տաճարները այստեղ, կողքն են կանգնած: Սրբութիւնը կենդանի է տարբեր ծագումով քրիստոնեաների մօտ, եւ սուրբերը մեր մէջ Աստծոյ ներկայութեան կենդանի վկայութիւնն են: Գիտեմ թէ անաստուած իշխանութիւնը ինչքան հետամուտ եղաւ տկարացնել այս Եկեղեցին եւ գիտեմ թէ քանի հաւատի վկաներ եւ նոյնիսկ երանաշնորհ Հովիւներ իրենց արիւնը թափեցին դեռ մօտ անցեալում: Քաջատեղեակ եմ յատկապէս, Ձերդ Սրբութիւն, թէ ինչ անխոնջ ջանքեր շռայլեցիք վերականգնելու համար սովետական վարչակարգից տկարացած Եկեղեցին: Իրօք, կրկին անգամ «Էջ Միածինն», երբ բազում շինհրապարակներ բացուեցին՝ կառուցելու համար եկեղեցիներ, որոնք տեսանելիօրէն հասարակութեան կենտրոնում կը զետեղէին Քրիստոսի ներկայութիւնը. երբ բազմաթիւ երիտասարդներ ճեմարան ընդունուեցին՝ ազգին ծառայելու համար Աւետարանով, որ Ձեր մշակոյթի աղբիւրն ու ծագումն է: Եւ ես ուրախ եմ ու հպարտ, որ Կաթողիկէ Եկեղեցին, յատկապէս շնորհիւ Քրիստոնեաների Միութեան Նախաձեռնման Քահանայապետական Խորհուրդի աշխատանքին, կարողացաւ նրանցից շատերին ընդունել սեփական Համալսարանները: Անձամբ ես, որ մի Քահանայապետական Համալսարանի, Սալեզեանի Վերատեսուչ (Ռեկտոր) էի, գիտեմ թէ ինչ պարծանքի առիթ էր մեզ համար՝ մշակութային եւ հոգեւորական ամուր կազմաւորում ապահովելով օգնել մեր առաւել տառապած եղբայրներին, լաւագոյնս մատուցելու իրենց ծառայութիւնը Եկեղեցուն: Սուրբ Աթոռը եւ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցին պատրաստ են նոյնը անել նաեւ յետագայում: Եւ այստեղ ուզում եմ կրկին յիշել Ձերդ Սրբութեան շռայլած ջանքերը՝ դպրոցներում ծանօթացնելու քրիստոնէութեան պատմութիւնը եւ քրիստոնէական մշակոյթը տարածել հաղորդակցութեան միջոցներով եւս: Հուսկ, Ձեր յաճախակի հովուապետական այցելութիւններով, Դուք աշխարհի բոլոր մասերում լսելի էք դարձնում Հովուի ձայնը՝ Հայրերին: Նրանց միացած էք պահում այս սրբազան վայրին, որտեղ «Էջ Միածինն»: Իրօք ցնցուած եմ ընկերային կառոյցների ծաւալումից, որոնք Ձեր հովանաւորութեամբ, ծաղկում են Հայաստանում, ի սպաս աղքատների եւ տառապեալների, ինչպիսիք են հիւանդանոցները եւ բարեգործական սեղանատները, այլեւ ի սպաս երիտասարդների դաստիարակութեան, որոնք Եկեղեցու եւ Երկրի իսկական ապագան են: Որպէս սալեզիան, Սուրբ Յովհաննէս Բոսքոյի որդի, դաստիարակութեան գործին եմ նուիրել իմ երիտասարդութեան լաւագոյն ուժերը, եւ սրտատրոփ սպասում եմ հանդիպել երիտասարդներին՝ Հայորդեաց տանը, որ Ձեր փափաքով կառուցուեց, մայրաքաղաքում, որպէսզի նրանք կարողանան կրկին խորանալ սեփական պատմութեան լաւագոյն արմատների մէջ: Եւ պատահական չէ, որ ուր հայերը կեանքի բերումով հասել են, այդտեղ քահանան ոչ միայն նրանց հոգեւոր հայրն է եղել, այլ նաեւ մշակոյթի ուսուցիչը: Այս նոր եկեղեցիները, այս նոր առաքելական տարածքները, լաւագոյն նշաններն են ցոյց տալու, որ այն Աստուածը, որին ուզում էին վտարել պատմութիւնից՝ կրկին տիրացել է տարածքներին ու սրտերին: Այս վայրերը խօսուն նշաններն են, թէ, ինչպէս յուշում է Սուրբ Գիրքը, «երկիրը Աստծունն է»: Գիտեմ, որ այս բոլորը հսկայական ջանք է պահանջում, եւ թուում է առաւելապէս հովուական աշխատանքի ժամանակն ու ոյժն են խլում: Սակայն հաւատացեալները կարիքն ունեն շօշափելի նշանների, որ իրենց յայտնեն Տիրոջ մասին: Հետեւաբար, այսքան հոգնեցուցիչ աշխատանքը արդէն իսկ Աւետարանի քարոզ է: Եւ դրա համար երախտապարտ ենք Ձեզ: Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան Քահանայապետը քաջատեղեակ է թէ ինչպիսի եղբայրական յարաբերութիւններ զօդում են մեր Եկեղեցիները, եւ ինչքան ջանք է ներդրել Ձերդ Սրբութիւնը: Լաւ գիտի է թէ ինչպէս է այս Երկրի կաթողիկէ համայնքը կարողացել վերսկսել իր ընթացքը, վերստանալով եկեղեցական եւ հասարակական կառոյցները, նաեւ Ձեր նախորդի՝ երջանկայիշատակ Վազգէն Ա. Վեհափառ Հայրապետի շնորհիւ: Ինքն էր անձամբ հրաւիրել առաջին կաթողիկէ քահանային համայնավարութեան անկումից յետոյ: Պապը գիտի նաեւ թէ ինչպէս համագործակցութիւնը, միասնական աղօթքը, փոխադարձ համակրանքը, հիւրընկալումը որ Ձերդ Վեհափառութիւնը վերապահում է Հայաստանում Քահանայապետական Ներկայացուցչին՝ ձեռքբերուած իրականութիւն է: Այս պատճառով, այսօր ես եւս, ինձ իմ տանն եմ զգում, Սրբազան Քահանայապետի եղբայրական սիրալիր համբոյրը բերելիս, որ Ձեզ սիրով սպասում է Հռոմում: Նա կամենում է անձամբ Ձեզ յայտնել իր հիացմունքը մշակութային եւ հոգեւորական արտակարգ գանձի համար որ հայերը նուիրաբերեցին մարդկութեանը: Բենեդիկտոս ԺԶ.ը մաղթում է Ձեզ ներքին եւ արտաքին խաղաղ օրեր: Մաղթում է ընկերային վիճակի բարելաւում, որ շատերի համար տակաւին անկայուն է: Մաղթում է ընթացք դէպի այնպիսի զարգացում, որ յարգի կրօնական արժէքները, դրանք ընդունի որպէս հիմք եւ խթան՝ օգնելու առաւել տառապողներին, արդարութեան, վստահութեան, թափանցկութեան ապագայ կերտելու ամբողջ Ազգին համար: Սրբազան Քահանայապետը քաջ գիտակցում է այս գործընթացում Եկեղեցու կատարելիք առաջնային եւ անփոխարինելի դերը, որին կոչուած է: Նա վստահեցնում է որ իր աղօթքներում յիշում է Ձեզ, Եպիսկոպոսներին, քահանաներին եւ ամբողջ հայ ժողովրդին, ջերմ սիրով եւ մեծ գնահատանքով: Շնորհակալութիւն, Ձերդ Սրբութիւն, այս ընդունելութեան համար, որ խորապէս ինձ յուզում է: Ամենակարողն Աստուած վարձահատոյց լինի Ձեզ եւ զօրավիգ՝ Ձեր բարձր կոչման գործունէութեան իւրաքանչիւր պահին: |