The Holy See
back up
Search
riga

ՆՈՐԻՆ ՍՐԲԱԶՆՈՒԹԻՒՆ
ԿԱՐԴԻՆԱԼ ԹԱՐՉԻԶԻՈ ԲԵՐԹՈՆԷ
ՎԱՏԻԿԱՆԻ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ
«ՏԻՐԱՄԱՅՐ ՆԱՐԵԿԻ» ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԿԱԶՄԻՆ
ԱՇՈՑՔ

 

Գերապայծառ Տեարք,
սիրելի կրօնաւորներ եւ կրօնաւորուհիներ,
Պարոն Տնօրէն, թանկագին բժիշկներ եւ բուժաշխատողներ,
սիրելի հիւանդներ:           

Ուրախ եմ այցելելու այս Հիւանդանոցը, որ Ծառայ Աստծոյ Յովհաննէս Պօղոս Բ. Պապի աջակցութեան փափաքի արդիւնքն է, իրականացուած յատկապէս Իտալական Կարիտասի առատաձեռնութեամբ: Այն կառուցուեց սարսափելի երկրաշարժից անմիջապէս յետոյ, որ գրեթէ քսան տարի առաջ, աւերեց այս երկիրը, մեծ թուով զոհերի պատճառ դառնալով:  Խորհրդային Հայաստանում, որտեղ բացակայում էր Կաթողիկէ Եկեղեցու որեւէ կառոյց, սա առաջին նշանն էր սիրոյ եւ մօտիկութեան, որ Պապը կարողացաւ ցոյց տալ հայ ժողովրդին: Այստեղ ուզեց որ լինի, Երկրի այս ծայրամասային եւ շատ մը պատճառներով առաւել տառապեալ շրջանում: Կամիլեանների եւ Յիսուսի Փոքր Քոյրերի վեհանձն ու արագ պատրաստակամութիւնը հնարաւոր դարձրեց որ այս կառոյցը ամբողջ այս տարիների ընթացքում ամբողջապէս ձրիաբար ծառայի աղքատներին, որ Քրիստոսի Մարմնի տառապող անդամներն են: Հայաստանից եւ հարեւան Վրաստանից ժամանաց քանի՜ քանի հիւանդներ են անցել այս ժամանակահատուածում: Եւ ինչքան սէր է ճառագայթել այստեղից, սահմանամերձ գիւղերում տեղակայուած բազմաթիւ բուժկետերի եւ ընտանիքներին օգնելու ծրագրերի միջոցով: Այս գործունէութիւնները Կրօնաւորների անխոնջ եւ գնահատելի ջանասիրութեան արդիւնք են: Յովհաննէս Պօղոս Բ. Պապը սաստիկ փափաքում էր այցելել այստեղ, սակայն իր առողջական վիճակը եւ ճանապարհի դժուարութիւնը թոյլ չտուեցին:

Այժմ ես եկել եմ, իր յաջորդից ուղարկուած, Նորին Սրբութիւն Բենեդիկտոս ԺԶ.ից, գրեթէ այս փափաքը իրականացնելու համար:

Լաւ գիտեմ թէ Նախախնամութեան քանի նշաններ, քանի իսկական հրաշքներ ընկերացան այս տեղանքը ընտրելու գործընթացին, շինարարական եւ ղեկաւարման աշխատանքներին: Գիտեմ թէ ինչպէս սա պատճառ դարձաւ պատահմամբ հանդիպելու շատ կաթողիկէների որ մօտակայ գիւղերում պահպանել էին իրենց հաւատը: Երբ անաստուած իշխանութիւնները ոչ իսկ մի քահանայ էին թողել իրենց խնամելու համար, գիտեմ թէ ինչպէս պահպանեցին փոքր եկեղեցիները՝ իրենց իսկ ձեռքերով, այդտեղ զետեղելով իրենց ամենագեղեցիկ իրերը: Այս է Եկեղեցու փառքը: Եւ Սրբազան Քահանայապետը օրը օրին հետեւեցաւ այս Հիւանդանոցի կառուցման. Վատիկանում նրա մանրակերտը օրհնեց առաջին գործակիցների ներկայութեան: Առանց հոգնելու տեղեկութիւններ խնդրեց նրա մասին: Նրան ուղղակի տրամադրեց ոչ քիչ անգամ, այնքան ինչքան օգտակար էր: Նա սկիզբից եւեթ ուզեց ցոյց տալ թէ Աւետարանի վկայութիւնը միշտ պէտք է յայտնուի միջքրիստոնէական միութեամբ: Այս պատճառով նեցուկ կանգնեց այն գաղափարին, որ Հիւանդանոցի Ղեկավար Խորհրդում, որ այն ժամանակ չէր կարող սեփական լինել, պետական իշխանութեան ներկայացուցիչներից եւ կաթողիկէ մասնակիցներից բացի, Վեհափառ Հայրապետի պաշտօնական ներկայացուցիչը լինէր: Այժմ, որ սեփականութիւնը Քամիլեան վարդապետներինն է, այս միասնական պարտաւորուածութիւնը չի կարող եւ պէտք չէ որ նուազի:

Այստեղ, այս կղզիացման, այս բարձրութեան եւ կլիմայական պայմաններում աշխատած Կրօնաւորներին եւ Կրօնաւորուհիներին ուզում եմ յայտնել Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ երախտագիտութիւնը: Պապը յատուկ կերպով նրանց յիշում է: Բժիշկներին, որ իրենց կարողութիւնը դրել են ի սպաս կեանքի եւ մարդու արժանապատուութեան, ուզում եմ յիշեցնել, որ հիւանդը՝ նոյն Քրիստոսն է: Ձեզանից խնդրում ենք այստեղ, որ պաշտպանէք կեանքը՝ ամէն միջոցով եւ նրա զարգացման իւրաքանչիւր փուլում: Խնդրում ենք որ ցոյց տաք թէ բուժելը աշխատանք չէ, այլ կոչում, որին երբեմն ոչ բոլորը հաւատարիմ են մնում: Մենք ուզում ենք աշխատել նրանց հետ, որ ի վիճակի են ընդունելու այս պատասխանատուութիւնը, որ միաժամանակ մեծ ուրախութեան պատճառ է: Բոլոր աշխատակիցներին ուզում եմ յայտնել իմ շնորհաւորանքներս՝ այս Հիւանդանոցում տիրող վայելուչ, մաքուր եւ կոկիկ վիճակին: Շնորհակալութիւն այստեղ մատուցուող ծառայութիւնների համար, որ երբեմն իւրօրինակ են, ինչպէս հիւանդների սեղանատունը:

Հենց ձեզ, սիրելի հիւանդ եղբայրներ, ուզում եմ յայտնել Պապի եւ ամբողջ Եկեղեցւոյ մօտիկութիւնը: Ով տառապում է մարմնով եւ հոգով, ստէպ չի հասկանում Աստծոյ ծրագիրները: Սակայն Նրա հայրական սէրը, նոյնիսկ խորհրդաւոր ճանապարհներով, չի դադարում յայտնուելուց, եւ հաւատարիմ է: Քրիստոսի Եկեղեցին՝ Կաթողիկէ Եկեղեցու այս կառոյցով, ինչպէս Առաքելական Եկեղեցու Հայաստանում նախաձեռնած այլ միջոցներով, ուզում է այս հաւատարիմ սիրոյ նշանը լինել: Եկեղեցին ուզում է թեթեւացնել հիւանդի տառապանքները, փոխ տալով Աստծոյ միտքը, սիրտը եւ ձեռները: Սրա խօսուն փաստն է այսպիսի կառոյցը, որ աշխատում է առանց որեւէ շահի հեռանկարի: Նոյնչափ երախտապարտ ենք Անարատ Յղութեան Հայ Քոյրերի եւ Սիրոյ Առաքեալների՝ Մայր Թերեզայի Քոյրերի գործունէութիւններին: Բոլորն էլ աշխատում են վաղաժամ ողբերգական կեանքի դառնութիւնների դատապարտուած երեխաների եւ երիտասարդների համար: Շատ անգամ հենց սրա համար, մերժումի արժանանալու վտանգուած, սակայն առաւել եւս թանկագին Աստծոյ աչքերին:

Շուտով յիշատակուելու է սարսափելի երկրաշարժի քսանամեակը, որի եղեռական հետեւանքներին մասնակի պատասխան լինել է ուզում այս կառոյցը: Ուզում եմ հիմիկուանից ապահովել, որ աւելի հզօր եւ յարատեւ է լինելու այդ առիթով Կաթողիկէ Եկեղեցու աղօթքը՝ վախճանած հաւատացեալների հոգիների համար, եւ վերապրածների մխիթարութեան համար: Իմ կողմից, ձեզնից աղօթք եմ խնդրում Պապի համար, Կաթողիկոսի համար, ինչպէս նաեւ Եկեղեցում իմ ծառայութեան համար: Աստուած իւրայատուկ կերպով լսում է տառապողի աղօթքին: Բոլորիդ փոխանցում եմ սէրն ու օրհնութիւնը Բենեդիկտոս ԺԶ. Սրբազան Քահանայապետին եւ ամբողջ Կաթողիկէ Եկեղեցու սրտակցութիւնը:

            

top